21/11/2024 17:24
ՀՀ պետական պարտքն աճել է 5,5%-ով և անցել 12,5 միլիարդ դոլարից․ կառավարության պարտքն աճել է 6,1%-ով, իսկ ներքին պարտքի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 51,8%-ի
«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպիսով՝ 2024թ. 9 ամիսների ճշտված պլանի համեմատ բյուջեի ընդհանուր և հարկային եկամուտները թերակատարվել են՝ համապատասխանաբար 6.4 և 7.8 տոկոսով։ Ավելին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց աճն էականորեն դանդաղել է։ Այս երևույթի վտանգավորությունը, թերևս, կառավարությունը նույնպես գիտակցում է, և, ամենայն հավանականությամբ, նաև այդ է պատճառը, որ դեռևս անցյալ տարվանից զգալիորեն խստացվում է հարկային դաշտը։ Մասնավորապես, էապես նեղացվել է միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում ընդգրկվելու առումով թույլատրվող գործունեության տեսակների շրջանակը՝ գործունեության մի շարք տեսակներ «տեղափոխվել են» հարկման ընդհանուր համակարգ, ինչն անխուսափելիորեն լուրջ խնդիրներ է հարուցելու փոքր և միջին ձեռնարկատիրության համար:
2024թ. 9 ամիսներին թերակատարվել են պետական բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարման տոկոսը 3.2 անգամ գերազանցում է ընթացիկ ծախսերի թերակատարման տոկոսին։ Այս հանգամանքը բավական մտահոգիչ է, քանզի նշանակում է, որ կառավարությունը, բացի այն, որ չի կարողացել ապահովել բյուջեով պլանավորված ծախսերի կատարումը և դրանով իսկ՝ պետական ապարատի արդյունավետ գործունեությունը, այլ նաև թերացել է տնտեսական աճի պոտենցիալի ավելացմանը նպաստելու առումով, ինչը հետագայում չի կարող բացասաբար չանդրադառնալ տնտեսության զարգացման վրա։
Ինչպես և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարվա 9 ամիսներին նույնպես թերակատարում է արձանագրվել պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր մարմինների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով։ Ի դեպ, պետական որոշ մարմինների (օրինակ՝ քաղաքաշինության կոմիտեի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, շրջակա միջավայրի նախարարության և այլն) պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով թերակատարումը չափազանց մեծ է (մինչև 69 տոկոս)։ Մեծ է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով թերակատարումը։ Ի դեպ, 9 ամիսների համար պլանավորված բոլոր 171 պետական ծրագրերի մեջ դրամական արտահայտությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է հենց այս նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերից մեկի՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով՝ ինն ամիսների ճշտված պլանով նախատեսված 46.9 մլրդ դրամի փոխարեն կատարվել են 6.1 անգամ պակաս՝ շուրջ 7.7 մլրդ դրամի ծախսեր։ Ավելին, 9 ամիսներին փաստացի կատարված ծախսերը 11.8 անգամ պակաս են ճշտված պլանով այս ծրագրի իրականացման համար նախատեսված տարեկան ծախսերի պլանային մեծությունից՝ 90.2 մլրդ դրամից։ Այս պարագայում ավելի ու ավելի հիմնավոր են դառնում պետական բյուջեի միջոցների շրջանակներում առնվազն 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման թիրախի իրատեսականության վերաբերյալ կասկածները։
Որոշ ծրագրեր, որոնց կարևորությունն անհնար է թերագնահատել, կամ ընդհանրապես չեն իրականացվել, կամ դրանց կատարողականները շատ ցածր են։ Մասնավորապես, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագիրն ընդհանրապես չի իրականացվել, իսկ «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը կատարվել է ընդամենը 2.6%-ով։
ՀՀ պետական պարտքը 2024թ. 9 ամիսներին աճել է 5.5%-ով և սեպտեմբերի 30-ի դրությամբ անցել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլարից։ 6.1%-ով աճել է նաև կառավարության պարտքը, որի կառուցվածքում շարունակում է աճել ներքին պարտքի տեսակարար կշիռը. այն սեպտեմբերի վերջի դրությամբ հասել է ռեկորդային 51.8%-ի։ Դա անխուսափելիորեն կհանգեցնի պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքն արտաքին պարտքից անհամեմատ ավելի «թանկ» է։
Զուգահեռաբար պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը զգալիորեն թուլացել է, ինչի պատճառով նաև դանդաղել է տնտեսական աճը։ Այսպես, 2024թ. առաջին եռամսյակում այն կազմել է 6.6%՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 11.8%-ի դիմաց, երկրորդ եռամսյակում այն 6.4% է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.3%-ի դիմաց, իսկ երրորդ եռամսյակում նախնական տվյալների համաձայն` 5.2% է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.4%-ի դիմաց։ Այս դանդաղումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ մեծ է հավանականությունը, որ այդ արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը մոտ ապագայում ամբողջությամբ կչեզոքանա, և տնտեսության զարգացումը կհենվի միայն աճի պոտենցիալի վրա։ Իսկ այդ պարագայում պետությունից ակնկալվում է տնտեսությանն «օգնելուն» միտված արդյունավետ միջոցառումների իրականացում, մինչդեռ ներկայումս դրանք տեսանելի չեն։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով