22/11/2024 16:42
Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն
Իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին երեկ Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննել են Քննչական կոմիտեի նախկին ղեկավարի հետ միջադեպի գործով։ Նրան գրեթե հինգ ժամ հարցաքննել են, ապա հեռախոսը առգրավել։
«Մի ժամից մի քիչ ավելի տևեց հեռախոսի առգրավման պրոցեսը», - «Ազատության» հետ զրույցում ասել է նա։
Շաբաթներ առաջ Արգիշտի Քյարամյանն Աղազարյանի հետ վիճաբանության ժամանակ Ազգային ժողովում հայտարարել էր, թե նա միջամտել է որդու առնչությամբ հարուցված քրեական գործին։ Այս հայտարարությունից հետո վարույթ հարուցվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն փորձում է պարզել՝ պատգամավորը չարաշահե՞լ է պաշտոնեական դիրքը, թե՞ ՔԿ արդեն նախկին ղեկավարը ստում էր։
«Ես պնդում եմ, որ իմ որդու հարցով չեմ դիմել Քյարամյանին», - հայտարարել է իշխանական պատգամավորը։
Այդ դեպքում ինչի՞ հիման վրա էր Քննչականի ղեկավարը խորհրդարանում հրապարակային այդպիսի մեղադրանք հնչեցնում, և ի՞նչ պարզվեց երեկ. Հովիկ Ազարյանը միայն նշել է՝ հարցաքննության մանրամասները ներկայացնելն անթույլատրելի է։
Նա շարունակում է պնդել, թե իր որդուն առնչվող գործի հարուցումից հետո ոչ մեկին չի դիմել։ Իսկ մամուլում լուրեր կան, որ նա Քյարամյանի տեղակալ Արսեն Այվազյանին է դիմել։ Իշխանական պատգամավորը Այվազյանի հետ զրուցելու փաստը չի հերքել, բայց չի ցանկացել նախաքննության փուլում բովանդակությունը գաղտնազերծել։
Մինչև նախաքննության ավարտն արդեն լուրեր կան, որ վարչապետ Փաշինյանը հորդորել է Աղազարյանին վայր դնել մանդատը։ Նա հերքում է, որ վերևից նման հորդոր է իջել։ Վստահեցնում է՝ թիմակիցներն էլ նման պահանջ չեն դրել։
Հովիկ Աղազարյանը հավելել է՝ մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, պայքարելու է մինչև վերջ, որ ապացուցի իր անմեղությունը, իսկ դիմումն ինքնակամ կգրի, եթե ապացուցեն, որ չարաշահել է պաշտոնական դիրքը։ Հարցին՝ հնարավո՞ր է դատախազը գա իր հետևից, զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, Աղազարյանը պատասխանել է. «Ես դա ո՞նց կարող եմ բացառել, երբ դա նույնպես իրավական գործընթաց է»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում