22/11/2024 17:08
Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով
Դատարանն արդարացրել է Սրբազան պայքարի կալանավորված ևս երկու աջակիցների։ Այդ մասին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Վահիկ Ավագյանը և ՀՀ քրեական օրենսգրքի 46 ֊ 236֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանը, այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։
Հիշեցնեմ` Վահիկ Ավագյանի և Պերճ Խաչատրյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում էր Սրբազան շարժման օրերին իբրև թե հավաքներին մասնակցել պարտադրելու համար, մինչդեռ վարույթի դեռ սկզբնական փուլում մենք բարձրաձայնում էինք դրա իրավաբանական սնանկության մասին` դեռ ամիսներ առաջ կանխատեսելով այսօր կայացված վերոհիշյալ որոշումները։
Հ.Գ. - Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի երկիրը ներսից ծվատող ահռելի չափերի հասած հանցավորության դեմ»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ, հենց նախաքննության փուլում, արդարացվել է ՀՅԴ Վայոց ձորի Մարզային կոմիտեի անդամ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար իբրև նյութապես շահագրգռելու մեջ։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել էր՝ Սուրիկ Հովհաննիսյանը ուղիղ 5 ամիս ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեաքաղաքական հետապնդման, ուղիղ 1 ամիս գտնվել է բանտային կալանքում, 3 ամիս՝ տնային կալանքում։