Այսօր, 15:18
Սրբազան պայքարն այս ամենին վերջ է տալու. ծնողներս կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ)
Սրբազան շարժումը, երբ սկսվեց ու հասավ իր պիկին, Բագրատ Սրբազանը դա ներկայացրեց որպես առաջին փուլ։ Այս ընթացքում Սրբազանը մշտապես ասում է՝ եթե ունենար այն փորձառությունը, որն ունի հիմա, ապա շարժումը հենց առաջին փուլից կհաջողեր, Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Որդիների կանչ» ՀԿ համահիմնադիր Արա Ռոստոմյանը։
«Հասկանալի է՝ մարդիկ սպասում էին հախուռն, արագ հաջողության, բայց ես հետահայաց համարում եմ՝ գուցե լավ էր, որ հախուռն չստացվեց, որովհետև շարժման նպատակն ավելին է, քան ուղղակի իշխանափոխությունը», - ասել է նա՝ ընդգծելով, որ շարժումը նպատակ ունի վերականգնելու հանրային իմունիտետը, վերադարձնելու մեզ մեր արժեքների ակունքներին։
«Այս ընթացքում իշխանությունը մեկ օր չի դադարել թիրախավորել շարժումը, բայց և չեն մոռանում տարածել թեզը, թե շարժումը մարել է։ Եթե մարել է, ինչու՞ եք այդպես վախենում և շարունակում թիրախավորել։ Շարժումն ունի երևացող և չերևացող մաս։ Այս պահին չերևացող կողմում մենք շարունակում ենք մեր աշխատանքը, որն անպայման արդյունք է տալու։ Մեկ անգամ ենք դուրս գալու փողոց և այդ մեկ անգամով հարցը լուծենք»։
Արա Ռոստոմյանն ուժային կառույցների ղեկավաների հրաժարականները նույնպես համարում է շարժման արդյունքներից։
«Փաշինյանը հեռացրեց իր ամենահավատարիմ ներկայացուցիչներին, բայց ուզում եմ այդ մարդիկ իմանան, որ պաշտոններից ազատվելով՝ պատասխանատվությունից չեն ազատվելու։ Մեզ, մեր տղաներին պատասխան են տալու»։
Ռոստոմյանն ընդգծել է՝ այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, նախընտրական շոու է․
«Ամեն ինչ անելու է, պատրաստ է անգամ ընտանիքին զոհաբերել, միայն թե մնա իշխանության, բայց Սրբազան պայքարն էս ամենին վերջ է տալու։
Ծնողներս կանգնած ենք շարժման կողքին ու ամեն ինչ անելու ենք, որ հաջողենք»։