Այսօր, 14:24
Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան
COP29-ից առաջ ընդդեմ Ադրբեջանի իրականցրած բազմաթիվ ակցիաներն ու միջոցառումները որոշ չափով բարձրացրեցին մեր դեմ հանցագործությունների և մեր պատանդների վերաբերյալ միջազգային հանրային իրազեկվածությունը. Aysor.am-ի հետ զրույցում ամփոփելով աշխատանքն ու արդյունքները՝ նշեց «Արցախ միության» նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, Բաքվում կլիմայի երկշաբաթյա գագաթնաժողովի՝ COP29-ի փակումն է։
«Շատ փոքր հաջողություններ գրանցվեցին նաև միջազգային տարբեր հանրային քաղաքական գործիչների կողմից համապատասխան ուղերձներ հրապարակայնացնելու հարցում։ Մենք հասկանում ենք, որ միջազգային հանրությունը հաստատ չէր բոյկոտի, բայց որոշ չափով հաջողություն է, որ շատ առաջատար միջազգային առաջնորդներ չայցելեցին Բաքու, իսկ տարբեր երկրների պատվիրակություններ էլ ավելի ցածր մակարդակի ներկայացուցիչներով հանդես եկան»,-ասաց նա։
Բագլարյանը շեշտեց՝ իհարկե, պետք չէ ասել, որ միայն իրենց աշխատանքի արդյունքն է, քանի որ ընդհանուր միջազգային իրավապաշտպան և բնապահպան համայնքների աշխատանքն էլ մեծ է եղել։
«Մեր կատարածը կոնկրետ ուղղություններով, այո՛, որոշակի արդյունք տվել է, բայց հիմնական արդյունքը եղել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու բնապահպանական կազմակերպությունների կատարածը, որոնք, ի դեպ, շատ դեպքերում անտեսում էին Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցած հանցագործությունները, որոշ դրվագներով էլ անդրադառնում էին»,-ասաց նա։
Ներդրված ջանքերից հետո ձախողումը, ըստ նրա, խոշոր հաշվով պատանդների ազատ արձակման հարցում էր. «Նույնիսկ մեկ պատանդ կամ գերի չվերադարձվեց հայրենիք։ Բայց այստեղ ընկալելի է, որ գլխավոր գործոնը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է, կամ հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Եթե ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ լուրջ քայլ չեն արել, այդ թվում պատանդների ազատ արձակման ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրել, բնական է, որ այդ արդյունքը չի լինելու։ Միգուցե նաև այլ պայմանների շուրջ էլ են բանակցել ՀՀ-ի հետ, որոնց մասին մենք տեղյակ չենք, բայց առնվազն այն, ինչը որ տեսանելի է, արդեն մեզ համար արձանագրման ենթակա է»,-ասաց նա։
Թե որն է լինելու հաջորդ քայլը, արդյո՞ք համակերպվելու են իրավիճակի հետ՝ Արտակ Բեգլարյանը արձագանքեց, որ չնայած ձախողումներին, պետք է շարունակել պայքարը։
«ՀՀ իշխանությունների միջազգային օրակարգում պետք է սա դառնա առաջնահերթություն, որպեսզի հնարավոր լինի ճնշումը մեծացնել Ադրբեջանի վրա, և երկրորդ՝ մենք էլ ամեն մեկս մեր հնարավորություններով, եղած խողովակներով պետք է միջազգային ճնշումը մեծացնենք Ադրբեջանի վրա»,-ասաց նա։
Ըստ Բեգլարյանի՝ տվյալ դեպքում որոշում կայացնողը մեկ անձ է՝ Ալիևն է.
«Անձամբ Ալիևի վրա ճնշումը պետք է մեծանա։ Իր այս գործողությունների կամ անգործության գինը պետք է կտրուկ աճի՝ կլինեն սանկցիաներ, թե, պայմանական ասած, քաղաքական առևտուր։ Բոլորս պետք է ընկալենք, որ թիվ մեկ գործոնը ՀՀ-ն է, այսինքն՝ ՀՀ իշխանությունը»։