22/11/2024 10:55
Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։
Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք ուղղված են մեր երկրի տնտեսության առաջընթացին։
Անդրադարձ է կատարվել նաև թվայնացման, հեռահաղորդակցության, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներին, ինժեներական կրթության, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), կիսահաղորդիչների դիզայնի, միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով հայկական ընկերությունների գրանցած հաջողություններին և մի շարք այլ թեմաների։
Ռիկարդո Մարտինես Վասկեսն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի կարևորությունը տնտեսության բոլոր ոլորտների և ուղղությունների համար՝ այս համատեքստում առանձնացնելով Իսպանիայի ունեցած ձեռքբերումները հատկապես տիեզերական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։
Քննարկվել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու մի շարք հնարավորություններ, մասնավորապես՝ ինժեներական, տիեզերական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում: