22/11/2024 18:31
Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդեր տալը հավաքական Արևմուտքում ոչ միանշանակ է ընդունվել, ինչը արևելագետ, «ԱՊՐԻ Արմենիա»-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ՝ պայմանավորված է պրագմատիկ շահերի տարբերությամբ։
«Օրինակ՝ Հունգարիան և Չեխիան արդեն հայտարարեցին, որ այլ վերաբերմունք ունեն ՄՔԴ-ի որոշման հարցում. այսինքն՝ չեն կատարելու այդ որոշումը, մինչդեռ օրինակ Ֆրանսիան, Շվեյցարիան, Նիդերլանդները հայտարարեցին, որ հետևողական կլինեն որոշման կատարմանն ու եթե Նեթանյահուն ու Գալանտը հայտնվեն իրենց երկրի տարածքում, ապա կձերբակալեն հենց օդանավակայանում։ Բայց կա հարց՝ իսկ եթե այդ երկուսը հայտնվեն օդային տարածքում, ի՞նչ է սպասվում։ Հիշեցնեմ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ձերբակալման որոշումը պարտադիր է ԵՄ բոլոր պետությունների համար, ինչը նշանակում է, որ եթե անգամ Նեթանյահուն ու Գալանտը հայտնվեն ԵՄ օդային տարածքում, կարող է կիրառվել ինքնաթիռի վայրէջքի պրոտոկոլ»,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է Սերգեյ Մելքոնյանը։
«Այս որոշումը փորձ է ճնշելու ոչ միայն Իսրայելին, այլ առաջին հերթին՝ Նեթանյահուին և Իսրայելի Էլիտային։ Արևմուտքում շատերը, մեղմ ասած, ուրախ չեն Իսրայելի ղեկավարության վարած քաղաքականությունից, և հետո Արևմուտքը, որը հայտարարում է, թե իր քաղաքականությունն արժեքահեն է, չի կարող երկար աչք փակել Իսրայելի քաղաքականության վրա։ Այնուամենայնիվ, Արևմուտքը միակարծիք չէ, ճեղք կա քաղաքական Արևմուտքի ճամբարում »։
Սերգեյ Մելքոնյանն ընդգծում է՝ Իսրայելի հարցում «ճաքերը» քիչ չէին, որոշ պետություններ հրաժարվում են առևտրի մեջ ներառել ապրանքները, որոնք Իսրայելի օկուպացրած տարածքներից են, որոշ երկրներ նաև քննարկում են դադարեցնել զենքի մատակարարումը։ Կարևոր է արձանագրել՝ 2024 թվականից միջազգային հանրության կարծիքն այլևս միակողմանի չէ, Իսրայելը հսկայական աջակցություն կորցրեց՝ հատկապես արաբական աշխարհի տեղեկատվական կայսրությունների ջանքերի շնորհիվ. Գազայում աշխատած, զոհված հարյուրավոր լրագրողներ փաստացի փոխեցին միջազգային հանրության կարծիքն ու մոտեցումները։
Հարցին՝ արդյոք Նեթանյահուի ճակատագրին կարո՞ղ է արժանանալ նույնպես պատերազմական հանցագործություններ գործած Ալիևը, Սերգեյ Մելքոնյանը պատասխանում է՝ դատելով Հայաստանի իշխանության քաղաքականությունից՝ ոչ։
«Դիցուք, չեմ հիշում, որ Հայաստանի իշխանությունը բարձր մակարդակով արձագանքեր Բաքվի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» լեգալիզացմանն ու պետական մակարդակի հասցնելուն։ Քանի դեռ Հայաստանում իշխանությունը հրաժարվում է իր անելիքներից, որևէ ակնկալիք չպետք է ունենալ միջազգային խաղացողներից, միջազգային հանրությունից»։