22/11/2024 10:11
Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին, հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Մկրտիչ Ղ.-ի վարած «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «GAZel» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել:
Մոտոցիկլավարը հայտնվել է նշված փողոցի թիվ 26 շենքի դիմաց, տեղում մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «GAZel»-ի և «Nissan»-ի վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտոցիկլավարը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում սովորող-պարեկ էր, որպես դասախոս նաև դասավանդում էր, կոչումով ոստիկանության կապիտան էր և մինչև 2025 թվականի հունիսը նա զրկված է եղել վարորդական իրավունքից: