22/11/2024 17:53
1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով
2024 թվականի հոկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C, որը մոտ է նորմային, հայտնում են Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
«Միևնույն ժամանակ, այս տարվա հոկտեմբեր ամսվա տեղումները՝ 66․2մմ, գերազանցեցին նորման՝ կազմելով նորմայի 132․3%-ը։ Տեղումները հիմնականում դիտվել են հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում։
Տաք եղանակ դիտվեց հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ օրական առավելագույն ջերմաստիճանը Կապանում և Մեղրիում հասավ մինչև 33°C, իսկ Արարատյան դաշտում՝ 28-29°C։ Ամսվա երկրորդ կեսը բնութագրվեց հիմնականում նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հատկապես ցուրտ էր ամսվա վերջին տասնօրյակը, երբ Արարատյան դաշտում գրանցվեց -2°C-ից մինչև -3°C նվազագույն ջերմաստիճան, իսկ Աշոցքում՝ -9․5°C։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք հոկտեմբերը դիտվել է 1952 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 10․4°C, իսկ ամենացուրտը՝ 1951 թվականին՝ 3․4°C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ հոկտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների միջին քանակը կազմել է 149 մմ՝ նորմայից գրեթե 3 անգամ ավելի, իսկ ամենաչորը՝ 1974 և 2019 թվականներին՝ ընդամենը 7․1- 7․2մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սկսած 1935 թվականից՝ հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 12 մմ-ով»,- նշված է հաղորդագրությունում։