22/11/2024 15:41
Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք»
Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և «Հետք»-ը։ Այս ընկերությունների թիկունքում են երկրում ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի և անհայտ գործարարներ։ 2022 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների ոսկի է ներկրվել Հայաստան, սակայն այն երկրում չի մնում. աննախադեպ են նաև դեպի ԱՄԷ արտահանման ծավալները։
Ռուսաստանի համար ձեռնտու է ոսկու առևտուրը Հայաստանի միջոցով, քանի որ Հայաստանն արտահանման տուրքեր չի գանձում, իսկ մասնավոր անձանց միջոցով առևտուրը թույլ է տալիս խուսափել պատժամիջոցներից։ Այս հետաքննությամբ պարզել ենք, թե հայկական որ ընկերություններն են օգնում Ռուսաստանին շրջանցել առևտրային պատժամիջոցները։
Միլիարդավոր դոլարների «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից դուրս է գալիս Հայաստանի միջոցով
Ոսկին ռուսական արտահանման առաջատար ապրանքներից է, որի վրա Արևմուտքն արգելք դրեց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Այդպիսով Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին՝ մեղադրելով պատերազմ սկսելու մեջ։
2022 թվականի հունիսին ԱՄՆ-ն ռուսական ծագման ոսկու ներմուծման արգելք սահմանեց։ Տեխնիկապես այս էմբարգոն վերաբերում է միայն ԱՄՆ-ի կողմից ներմուծմանը։ Սակայն, եթե մեկ այլ երկիր գնի այս «կեղտոտ» ոսկին, այն չի կարող ԱՄՆ-ում վաճառել։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ բանկերը չեն գնի այն ներդրումների կամ առևտրի համար: Այսպիսով, ի տարբերություն այլ ապրանքների ներմուծման սահմանափակումների, ամերիկյան էմբարգոն բանկային ոսկու նկատմամբ ինքնաբերաբար դառնում է գլոբալ։
2022-2023 թվականներին ռուսական ոսկու հոսքը թեքվեց դեպի Արևելք. մինչև լայնածավալ պատերազմի բռնկումը այն արտահանվում էր հիմնականում Մեծ Բրիտանիա, սակայն 2022 թվականից ԱՄԷ-ն, Հոնկոնգը և Թուրքիան դարձել են հիմնական ստացողները։ Սակայն, ինչպես ցույց են տալիս տվյալները, այս հոսքերը դադարեցվել են 2023 թվականի ապրիլից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի ունցիա ռուսական ոսկի չի արտահանվել Եվրասիական տնտեսական միությունից դուրս։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։