23/11/2024 12:21
Չի բացառվում, որ այս հարցազրույցով Փաշինյանը թիմին ակնարկում էր՝ ինքն ստացել է անվտանգության երաշխիք. Հակոբ Բադալյան
«Մինչև հիմա Փաշինյանը բոլոր հարցերին պատասխանում էր «նախկինների» և Ռուսաստանի՝ այդ երկու հիմնական ռեսուրսը շահագործելով։ Հիմա թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ այդ ռեսուրսների միջոցով պատասխանատվությունից խուսանավելը, պատասխանատուի և մեղավորի միջև մանևրումներ անելը Փաշինյանի համար դառնում է բարդ, և սա է պատճառը, որ հիմա նաև թիրախավորում է սեփական թիմին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Փաշինյանը հիմա պատասխանատվության զգալի մաս պատվիրակվելու է թիմին՝ փաթեթավորմամբ, թե բավարար չեն աշխատել, բավարար չեն զեկուցել, հանձնարարությունները չեն կատարել. վառ օրինակ՝ ծառայողական մեքենաների հարցը «կացնով» լուծելու որոշումը։
Ըստ իս, թիմը բացարձակապես զուրկ է ապստամբելու կարողությունից, ներիշխանական ապստամբության հավանականություն կարող էր լինել, եթե թիմում լիներ համարժեք ուժեղ բևեռ, որը կարող էր համեմատելի լինել Փաշինյանի հետ։ Այդպիսի բևեռ թիմում չկա, այսինքն՝ Փաշինյանի և թիմի ներկայացուցիչների տարբերությունը չափացանց մեծ է, ավելին՝ թիմի ներկայացուցիչների կախվածությունը Փաշինյանից նույնպես մեծ է։ Հետո, Փաշինյանին հաջողվել է խթանել ներթիմային բաժանարար գծեր, ինչն էլ բարձրացնում է Փաշինյանի արբիտրաժային դերը հենց թիմի ներսում»։
Հակոբ Բադալյանի դիտարկմաբ՝ չի կարելի բացառել, որ այս հարցազրույցով Փաշինյանը թիմին ակնարկում էր, որ ինքը ստացել է անվտանգության երաշխիք. թեև դժվար է ասել՝ այդ երաշխիքը վերաբերում է գնալո՞ւն, թե՞ մնալուն։
«Փաշինյանը գուցե այս հարցազրույցով փորձեց ցույց տալ, որ արդեն առարկայական պատրաստվում է հեռանալու սցենարին։ Վստահ պնդել, որ պատրաստվում է հեռանալ, չենք կարող, բայց, որ պատրաստվում է այդ տարբերակին, չի բացառվում. այնուամենայնիվ, դա կախված է արտաքին զարգացումներից»։
Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ երբ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն իրեն այլևս հարցեր չունի, չի նշանակում թե կարող է ինքն իրեն ազատել պատասխանատվությունից. հասարակությունն ունի հարցեր, դրանք անփոփոխ են և շարունակում են սպասել պատասխանների։