23/11/2024 13:16
Փաշինյանն ամեն ինչից հրաժարվել է․ Ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել. Ժաննա Ալեքսանյան
Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Երևանն ու Բաքուն կարող են հրաժարվել միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից։
Փաշինյանի այդ հայտարարությունն անընդունելի է որակել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ Aysor.am-ի հետ զրույցում նշելով․ «Ես ոչ մի կերպ, ոչ մի պայմանով չեմ ընդունում հայցերի վերադարձի թեզը, ես ո՛չ Փաշինյանին եմ հավատում, ո՛չ Ալիևին։ Ինչպե՞ս կարելի է Փաշինյանի խոսքին հավատալ։ Հիմա ասում է՝ փոխադարձաբար, հետո էլ կասի՝ Ադրբեջանը հրաժարվեց։ Չէ՞ որ մենք տեսնում ենք՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում, որ գոհացնի Ադրբեջանին»։
Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ Փաշինյանը փորձում է մանիպուլյատիվ ձևակերպմամբ մոլորեցնել հանրությանը իր առաջին նպատակին՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու համար։
«Փաշինյանը, որն Ադրբեջանի քաղաքականությունն է առաջ տանում Հայաստանում, ինչպե՞ս կարող է խոսել արդարության, արդարադատության մասին։ Ամեն ինչից հրաժարվել է, ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել։ Փաշինյանը ոչ մի նպաստավոր քայլ մեր երկրի համար չի արել և չի էլ անելու։
Հիմա էլ իմիջ փոխելով, իբր ինքն իրեն հարցեր չունենալով՝ փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա։ Կարծում է, որ իր այդ ցածրորակ մտքերով կարողանալու՞ է «վերադաստիարակել» հայ ժողովրդին, հույս ունի, որ մարդիկ ամեն ինչ կմոռանան և իր ցածրորակ մտքերո՞վ կառաջնորդվեն։ Ամեն ինչ վերջ ունի, և ես մեծ հույս ունեմ՝ տեսնել իր քաղաքականության վերջը»։