23/11/2024 13:41
Փաշինյանը Սահմանադրության 6 հոդված խախտեց. բավարար հիմք է քրեական հետապնդման, իմպիչմենթի համար. Սուրեն Սուրենյանց
«Փաշինյանն իր հարցազրույցով Սահմանադրության վեց հոդված խախտեց, խոստովանեց, որ ինքն է խնդրել դատական իշխանության ղեկավարին, նաև պատգամավորներին՝ հեռանալ, ինչը ՀՀ Սահմանադրության կոպտագույն ոտնահարում է և բավարար հիմք՝ իմպիչմենթի, քրեական հետապնդման համար։ Սրա մասին պետք է անընդհատ խոսվի»,-Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Փաշինյանի հարցազրույցի ամբողջ նպատակն այն էր, որ վերջում ասի՝ ես բոլոր հարցերի պատասխանը ստացել եմ, հիմա իմ հերթն է հարցեր տալու։ Սսա իր թիմին շանտաժի, անորոշության մեջ պահելու մեսիջ է։
Այս փուլում Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությունից վտանգ չի տեսնում, և քանի դադար է՝ որոշել է թիմի ներսում առաջնորդվել «հեղափոխությունը խժռում է իր զավակներին» բանաձևով։
Հարցազրույցը իր էլեկտորատի՝ պայմանական ասած՝ օխլոսի համար էր, այդ օխլոսի սիրտը շահելու, կոնսոլիդացնելու համար էր։ Այնքան գռեհիկ գտնվեց, որ մեզ մեղադրեց Բաքվի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը գեներացնելու համար։ Սա վուլգար մատերիալիզմի դրսևորում էր, որը ոչ մի կապ չունի ռեալիզմի հետ, ինչի կրողը օրինակ՝ ես եմ։
Իհարկե, արագաչափերի թեման չի կարող հանրաքվեի հարց դառնալ, դա ընդամենը մասնագիտական հաշվարկի թեմա է, բայց այդօրինակ հարցերն օրակարգ դարձնելով՝ Փաշինյանն ուղղակի լյումպենացնում է քաղաքականությունը»։