23/11/2024 09:12
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան` առանց թույլտվությունների ինչ-որ աշխատանքներ են իրականացվել և այլն: Հրապարակումների թեժ փուլում` 2023-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել` ուսումնասիրություններ են կատարվում, անգամ քաղաքապետն է հրավիրվել հարցաքննության:
Բայց օրերս մեզ Էջմիածնից տեղեկացրին, որ դա չի խանգարել, որ ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսն անխափան առաջ ընթանա, և շինությունները թափով վեր են խոյանում։ «Հրապարակը» գործի ընթացքի վերաբերյալ հետաքրքրվեց Հակակոռուպցիոն կոմիտեից։ Պարզվեց` վարույթը նախաձեռնելուց շուրջ 2 տարի անց գործը դոփում է տեղում` դեռևս նախաքննության փուլում է գտնվում, այն դատարան չի մտել, նույնիսկ գործով անցնող մեղադրյալ չկա»։