23/11/2024 12:07
Սթրեսի և կոնֆլիկտների կառավարում․ մեկնարկել է դատախազների համար նախատեսված դասընթացի 2-րդ փուլը
Գլխավոր դատախազությունը, կարևորելով շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը: Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար:
Առաջին դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Դեսպանության հետ շարունակական ու արդյունքահեն փոխգործակցությունը: «Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև լինի տեսանելի ու հասկանալի: Դատախազների՝ հանրային հաղորդակցության ու կոնֆլիկտների կառավարման հմտությունների զարգացման համար նախատեսված դասընթացը ևս ուղղված է այս նպատակի իրականացմանը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:
Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը բարձր է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ, ի թիվս այլ նպատակների, մեկնարկած ծրագրով աջակցում են Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանը:
Ծրագիրը, որի տևողությունը 13 շաբաթ է, իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից ընտրված SPRING PR ընկերության կողմից: Դասընթացավարներն են՝ SPRING PR ընկերության համահիմնադիր, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, դասընթացավար Նվարդ Մելքոնյանը և Big mind ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, դասընթացավար Հակոբ Մակդիսը:
Դասընթացի ձևաչափը՝ ինտերակտիվ քննարկումներ, գործնական օրինակների վերլուծություններ, դատախաղեր, դասախոսություններ: