25/11/2024 10:20
Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանը ակնկալում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերում, «Իզվեստիա»-ին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում։
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։
Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է ապահովել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ հաստատվի կայուն խաղաղություն։
«Որպես կանոն՝ ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տքնաջան և շատ պատասխանատու գործընթաց է։ Իհարկե, Մոսկվան շահագրգռված է, որ որքան հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրի կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի համար «դառնության»», - ընդգծել է Կոպիրկինը։