25/11/2024 11:56
Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան
Կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ունեն կենսաթոշակային խնայողություններ, պատերազմից, հայաթափումից, էթնիկ զտումից հետո մարդկանց մոտ ծանր սոցիալական խնդիրներ են առաջացել և մեծամասնության համար հույսը այդ խնայված գումարներն են, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը տարակուսած է՝ ինչու են ՀՀ իշխանությունները որոշել խլել Արցախի քաղաքացիների գումարները և օգտագործել ըստ իրենց հայեցողության.
«Եթե իրենք Արցախի քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչի՞ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն։ Այդ դեպքում թող բոլորին առաջարկեին ՀՀ քաղաքացիություն և ասեին՝ ով չի ուզում, կարող է հրաժարվել։ Բայց այդպես չեն անում։ Մարդու խնայողությունները, առանց իրեն հարցնելու, խլում են և ասում՝ ներդնում են ինչ-որ հաշիվների վրա, ենթադրելով, որ իրենք ավելի լավ են հասկանում, թե մեր հայրենակիցներն ինչ կարիք ունեն այսօր և ինչ կարիք են ունենալու վաղը»։