25/11/2024 11:41
Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր
ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ հայկական ԶԼՄ-ներին կոչ անելով առանց ճշտումներ և ճշգրտումներ կատարելու՝ օտարերկրյա լրատվամիջոցներում զետեղված ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումները չտարածել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այս մասին խոսել էր օրեր առաջ ԱԺ ամբիոնից։
Ըստ պատգամավորի՝ արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն Պաշտպանության նախարարությանը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ կոչ է ուղղել լրատվամիջոցներին այն հարցի շուրջ, ինչի մասին խոսում և ահազանգում էի օրերս Ազգային ժողովի դահլիճում: Այն անգամ Սուրեն Պապիկյանի հետ թեժ զրույցի պատճառ դարձավ, բայց զգուշացումս հենց սա էր...
Խոսքը վերաբերում է հայկական մամուլում տարբեր երկրներից զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ, ոչ պաշտոնական լուրերի շատ արագ տարածվելուն:
Արժի, որ հայկական լրատվադաշտի մեր գործընկերները ունկնդիր լինեն Պաշտպանության նախարարությանը և գործեն համադրված, միասնական, որովհետև դա վերաբերում է մեր երկրի ազգային անվտանգությանը և պետական շահին:
Այնուհանդերձ, մեկ հայտարարությունը շատ քիչ է լինելու հարցը կարգավորելու համար: Առ այդ, կան մի քանի գործողություններ, որ պետք է իրականացնել.
Պաշտպանության նախարարությունը շատ համադրված և ակտիվ համագործակցի լրատվամիջոցների հետ, ինչը վերջին շրջանում բավականին հաջող իրականացնում է:
Տարատեսակ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների հետ պայմանագրեր կնքելիս առավել նախանձախնդիր լինել, որպեսզի բացառվի որևէ տեղեկության արտահոսքը:
Ցավոք, այս հարցը դարձել է նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք:
Երկրի տեղեկատվական անվտանգության համար նաև պատասխանատու, ՀՀ բյուջեից միլիարդավոր դրամներով սնվող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը շատ ավելի զբաղված է ներքաղաքական հարցերով, ֆեյքային գործունեությամբ, քան երկրի տեղեկատվական անվտանգության հարցերով»,- Facebook-ում գրել է Մանուկյանը։