26/11/2024 12:34
ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ
Հայաստանը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության, առկա խնդիրները հարևանների հետ կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու, Երևանում Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նա նշեց, թե գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էլ հայտնեց, թե բարձր են գնահատում Հայաստանի մերձեցումը եվրոպական քաղաքակրթությանը։
«Մեզ համար մեծ արժեք է Հայաստանի հետ քաղաքական կապերն էլ ավելի ակտիվացնելը և համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելը»,-ասաց նա։
Լեհաստանի նախագահը նշեց, թե ՀՀ նախագահի հետ քննարկել են նաև անվտանգային հարցեր.
«Մեր տարածաշրջանում նույնպես առկա է անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիվ գործողություններով։ Պատերազմական իրավիճակներն իրենց ազդեցությունն ունեն նաև անմիջականորեն Կովկասի վրա։ ՌԴ-ն դոմինանտ գործողություններ է ցանկանում իրականացնել նաև այս տարածաշրջանում, մենք դա տեսնում ենք։ Ցանկանում ենք, որ բոլոր կոնֆլիկտները խաղաղությամբ ավարտվեն»։