Այսօր, 15:30
Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետի դեմ ՄՔԴ-ի օրդերը, երբ դատարանը որոշեց կալանավորել Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են. Ժոզեպ Բորել
Եվրոպացիները պարտավոր են կատարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ Միջազգային քրեական դատարանի օրդերը, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսևորում․ հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«ԵՄ անդամ երկրները մեծ աջակցություն ցուցաբերեցին, և երբ դատարանը որոշեց կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, շատերը ծափահարեցին, իսկ ոմանք այսօր լռում են: Որպես Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ և որպես բարձր ներկայացուցիչ՝ ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել Միջազգային քրեական դատարանին և հիշեցնել Եվրամիության անդամ երկրներին, որ նրանք պարտավոր են կատարել դատարանի որոշումը»,- հայտարարել է Բորելը։
Ըստ նրա՝ դատարանի որոշումը հակասեմականության հետ կապ չունի, և դա քաղաքական որոշում չէ։
«Ենթադրվում է, որ Եվրամիության անդամի թեկնածու երկրները իրենց պարտավորությունների թվում պետք է ինտեգրվեն քրեական դատարանին։ Շատ տարօրինակ կլինի, որ նրանք, ովքեր ցանկանում են դառնալ Եվրոպական միության անդամ, պարտավոր լինեն կատարել չափանիշներ, որոնց Եվրամիության ներկայիս անդամները չեն բավարարում»,- մտահոգություն է հայտնել ԵՄ բարձր ներկայացուցիչը։