26/11/2024 12:41
Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանում քննարկվում է ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը։
Հիմնական զեկուցող ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը նշեց, որ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացման» վարկային համաձայնագիրը կառավարությունն ուղարկել է ՍԴ՝ ստանձնած պարտավորությունների սահմանադրականության ստուգման նպատակով։
«Ուսումնասիրությունից պարզվում է, որ կառավարությունը 102 մլն դոլար գումար է ստանալու բանկից։ Ծրագրի ուսումնասիրությունը որոշակի հարցեր է առաջացրել»,-ասաց նա։
Առողջապահության նախարարությունից պատասխանող կողմը նշեց, որ ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը, առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները։
Դիտարկմանը, թե եղած գումարն արդյո՞ք բավարար չի՝ պատասխանող կողմն ասաց, որ գումարն ուղղվելու է առողջապահության բյուջեի ավելացմանը։
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հարաբերակցվում սույն համաձայնգիրը համընդհանուր պարտադիր առողջապահության համակարգի հետ. «Արդյո՞ք այս ծրագիրը նախապատրաստական է այդ համակարգը ներդնելու համար, թե այս ծրագիրն արդեն իսկ այդ ապահովագրության խոցելի խավերին համաֆինանսավորելու համար է։ Ո՞րն է այս համաձայնագրով նախատեսված գումարի նպատակը»։
Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ նախատեսված է հետագա 5 տարիների համար և առաջին տարվա ընթացքում՝ 2025-ին, համալրելու է նախապատրաստական աշխատանքների մասը։
«Նշանակում է՝ այս գումարներով կատարելու եք ընթացիկ ծախսեր՝ բարելավելու առողջապահության որակը, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ»,-արձագանքեց ՍԴ դատավոր Թովմասյանը։