26/11/2024 18:43
Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու
Նոյեմբերի 27-ին Վայոց ձորի, Տավուշի և Արմավիրի մարզերում ուսումնավարժություն, վարժանք և գործնական պարապմունք է անցկացվելու՝ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» և ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմաներով։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Այսպես՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 11:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: