Այսօր, 08:55
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։ Աղազարյանի մանդատի հարցը քննարկելիս, ի տարբերություն մյուսների, որոնք կրկնել են Փաշինյանին և հորդորել, թե ԱԺ-ի միջադեպը տգեղ էր` դրան պետք է քաղաքական պատասխանատվություն հետևի` մանդատիցդ հրաժարվիր, Միքայելյանը փորձել է ավելի «կաթոլիկ» լինել և հայտարարել է, որ խնդիրը միայն լսումները չեն, այլ այն, որ Աղազարյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն պատմության մեջ․ նկատի է ունեցել ոչխարների պատմության գործով քրեական վարույթը, որը հարուցվել է մեկ անձի ցուցմունքով, թե իբր պատգամավորը 100 հազար դոլար կաշառք է պահանջել՝ սկսնակ գործարարին աջակցելու, ոչխարների արտահանումը կազմակերպելու համար։
Միքայելյանի ելույթից հետո, ինչպես ասում են, շներին կապել են` Աղազարյանին բաց թողել։ Նա զայրացել է «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներից և ասել՝ կաշառքը ես եմ վերցնում, դղյակներն ուրիշնե՞րն են կառուցում, միլիոնանոց բիզնեսներ են դրել ու հարստացել «այստեղ նստածներից շատերը»։ Ներկաները չեն համարձակվել Աղազարյանից անուններ պահանջել, քանի որ վարչության անդամների մեծ մասը և հատկապես` Սասուն Միքայելյանը իշխանափոխությունից հետո են միլիոնատեր դարձել։ Իսկ Միքայելյանների տոհմը, առհասարակ, Կոտայքի բդեշխներն են դարձել, որտեղ մեծ սեփականություն և անհամար բիզնեսներ ունեն»։