26/11/2024 14:37
«Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն
Արդյո՞ք ընտանեկան բժշկության 20 տարի սահմանված մոդելը պատրաստվում եք փոխել. ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացման» վարկային համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցի քննարկմանը պատասխանող կողմ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Լենա Նանուշյանին հարցրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
«Ծրագրով համակարգը չի փոխվելու, այլ կատարելագործվելու է»,-ասաց փոխնախարարի պաշտոնակատարը։
Թովմասյանը նկատեց, որ միջոցառումների ծրագրում նշվում է նոր պայմանագրերի մասին, մինչդեռ այդ պայմանագրերն արդեն իսկ գոյություն ունեն։
Պատասխանող կողմն ասաց, որ միայն առաջնային պահպանման ԲԿ-ների համար են։
Թովմասյանն արձագանքեց. «Այսօրվա գործող համակարգը հենց դա է, ինչ դուք եք ասում»։ Դրան պատասխանող կողմը չհամաձայնեց՝ նշելով, որ գործող համակարգը չի գործում հիվանդանոցային համակարգի համար։
Թովմասյանը շարունակեց, որ ըստ վարկային ծրագրի միջոցառուների՝ նշվում է, որ պետք է մշակել և ներդնել բուժաշխատողների շարունակական մասնագիտական համակարգ։ «Ինչքան գիտեմ 2016-ին է ներդրվել այդ համակարգը և բուժաշխատողները կուտակել են համապատասխան կրեդիտներ, ստացել են հավաստագրեր, հիմա ի՞նչ համակարգի ներդրման մասին է խոսքը»,-հարցրեց նա։
Փոխնախարարի պաշտոնակատարն էլ ասաց, որ դա վերաբերում է բժիշկների և օրդինատների լիցենզավորմանը․«Որպեսզի այդ համակարգերը կարողանանք ներդնել, պետք է իրականացնենք մի շարք աշխատանքներ, բժիշկների գիտելիքների և ունակությունների գնահատման համապատասխան կառուցակարգերի ստեղծում»։
«2022թ.-ին այս ամբողջն ավարտվել է, միջին և բարձր բուժաշխատողների ողջ համակարգն անցել է այդ ատեստավորումը և ստացել է այդ հավաստագրերը»,-ասաց Թովմասյանը։
ՍԴ դատավորը շարունակեց, թե նշվում է, որ դեղերի համար մրցունակ գնագոյացում են ապահովելու․ «Ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն։ Եթե դեղատոմսերն են, ապա այսօր էլ ներդրված է, մի քանի դեղ էլ ավելացնելու համար պետք չի համակարգ ներդնել»։
Պատասխանող կողմն ասաց, որ ծրագրի շրջանակներում էլեկտրոնային համակարգի զարգացումն է։
Հրայր Թովմասյանը հետաքրքրվեց՝ գումար տալո՞ւ են նոր էլեկտրոնային հարթակ ստեղծելու համար, որ մարդը գնա բժշկի, ամբողջ պատմությունը չպատմի։
«Մենք հանձն ենք առել, որ քաղաքացին ունենա իր մասին բժշկության ամբողջ պատմությունը»,-նկատեց Նանուշյանը։
Թովմասյանն էլ պարզաբանեց․«Իմ խոսքը հենց դրա մասին է, որը համաձայնագրում չկա»։
Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու։