Այսօր, 09:01
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն»,- կառավարության նիստում սպառնաց Նիկոլ Փաշինյանը՝ զայրանալով ՏԿԵ նորանշանակ նախարարի վրա, որը զեկուցում էր, որ Արմավիրի Այգեվան համայնքում կառուցված մանկապարտեզը, որը պետք է շահագործման հանձնվեր դեռ հոկտեմբերին, չի գործում՝ գազամատակարարման խնդիրների պատճառով։ Նիստից հետո, մեր տեղեկություններով, մարզպետներն իրար են անցել:
Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին և հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։ Լոռու մարզպետ, նախկին ոստիկանապետ Արամ Ղազարյանն էլ փորձել է համայնքապետերի վախը բռնել, ասելով՝ տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա, կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները կներկայացնեք վայրկյանի ճշգրտությամբ»։