27/11/2024 22:38
Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի
Բարորակ պարոքսիզմալ (նոպայաձև) վերտիգոն (ԲՊՎ) վերտիգոյի՝ գլխապտույտի առանձնահատուկ տեսակի ամենատարածված պատճառներից մեկն է:
Վերտիգոն հանկարծակի զգացողություն է, որ մարդը կարծես պտտվում է կամ գլխի ներսը ևս պտտվում է:
ԲՊՎ-ն առաջացնում է թեթևից մինչև ուժեղ գլխապտույտի կարճատև դրվագներ: Այն սովորաբար առաջանում է գլխի դիրքի որոշակի փոփոխություններից, օրինակ, երբ գլուխը թեքում եք վեր կամ վար, երբ պառկում եք, երբ պառկած վիճակում շրջվում եք մի կողմի վրա կամ նստում եք անկողնում:
Գլխի դիրքի հետ այս կապի պատճառով ԲՊՎ-ն երբեմն անվանում են բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգո:
ԲՊՎ-ն կարող է անհանգստության կամ անհարմարավետության պատճառ դառնալ, սակայն հազվադեպ է ծանր ընթացք ստանում, բացառությամբ այն դեպքերի, երբ մեծացնում է ընկնելու հավանականությունը:
Առկա են ԲՊՎ-ի դեմ արդյունավետ բուժման մեթոդներ:
Բարորակ պարոքսիզմալ վերտիգոյի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
գլխապտույտ,
զգացողություն, որ դուք կամ շրջապատը պտտվում կամ շարժվում եք,
հավասարակշռության կորուստ կամ անկայունություն,
սրտխառնոց,
փսխում:
ԲՊՎ-ի գանգատներն ու ախտանիշները կարող են սկսվել և ինքնուրույն ավարտվել, սովորաբար տևում են մեկ րոպեից պակաս: ԲՊՎ-ի դրվագները կարող են որոշ ժամանակով անհետանալ, իսկ հետո՝ կրկնվել:
Գործողությունները, որոնք առաջացնում են ԲՊՎ-ի գանգատներն ու ախտանիշները, կարող են տարբեր անձանց համար լինել տարբեր, սակայն գրեթե միշտ կապված են գլխի դիրքի փոփոխության հետ: Որոշ մարդիկ նաև զգում են հավասարակշռության կորուստ, երբ կանգնում կամ քայլում են:
ԲՊՎ-ի ախտանիշները սովորաբար ուղեկցվում են աչքերի ոչ նորմալ ռիթմիկ շարժումներով:
Եթե զգում եք կրկնվող, հանկարծակի, ծանր կամ երկարատև և անբացատրելի գլխապտույտ կամ վերտիգո, անհապաղ դիմեք բժշկի:
Թեև հազվադեպ է, երբ գլխապտույտը ազդարարում է լուրջ հիվանդության մասին, սակայն լինում են դեպքեր, երբ դրանք արտահայտվում են համատեղ՝
նոր, տարբերվող կամ սաստիկ գլխացավ,
ջերմություն կամ տենդ,
երկտեսություն կամ տեսողության կորուստ,
լսողության կորուստ,
խոսքի դժվարացում,
ոտքի կամ ձեռքի թուլություն,
գիտակցության կորուստ,
վայրանկում կամ քայլքի դժվարացում,
ոտքի կամ ձեռքի թմրածություն կամ ծակծկոցներ:
Վերոնշյալ գանգատները և ախտանիշները կարող են ազդարարել ավելի լուրջ առողջական խնդրի մասին:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն