27/11/2024 14:56
Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում: Ինչպես հայտնում է Shamshayhan.com-ը, առատ ձյան հետևանքով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի մի քանի գյուղերում՝ դեպի Սպիտակ տանող 17 կմ-անոց հատվածում, տիրում է բարձիթողի վիճակ:
Ավտոմեքենաների խցանում է առաջացել. մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոց չի կարողանում տեղաշարժվել:
Ռյաթազա, Մելիք, Ծիլքար, Գեղարոտ, Ալագյազ, Ջամշլու, դեպի Սպիտակի ոլորաններ, մի քանի գյուղեր տանող գլխավոր ճանապարհն ամբողջությամբ մերկայսառույց է:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մոտ 40-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել մերկասառույց ճանապարհից: Մի քանի քաղաքացիների էլ Արագածոտնի և Լոռու պարեկները իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են անվտանգ վայր:
Սպիտակի ճանշինը սկսել է ճանապարհից հեռացնել ձյունն ու մերկասառույց հատվածները մշակել աղ ու ավազով: