27/11/2024 14:32
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան
Այն, ինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը երեկ հայտարարեց, քաղաքական և իրավական խայտառակություն է. Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նա անդրադարձավ Փաշինյանի հայտարարությանը, թե Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կանցկացնեն «փրայմերիզի» ձևաչափով քաղաքապետի թեկնածուի նախնական ընտրություններ՝ մանրամասնելով, որ ով դառնա Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, նա էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ թեկնածու։
Փաշինյանը ֆեյսբության եթերում հայտարարեց նաև՝ բոլորն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության․« Եվ այդ միջամտությունը կլինի հետևյալը՝ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ»։
«Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, հերթական անգամ խոսում է նրա և իր թիմի կարդրային սնանկության մասին։ ՏԻՄ-ը պետք է միշտ իր ինքնուրույնությունը պահի, հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ պետք է օրենք փոխեն, որ ինքը կարողանան ժ/պ նշանակել։ Նա չի էլ սպասում այդ օրենքի ընդունմանը, հետո միայն սրա մասին խոսի»,-ասաց Առաքելյանը։
Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց՝ հայտարարել էին, թե Կարեն Սարուխանյանն է լինելու թեկնածու․«Դրանից հետո ինչ-որ խնդիրներ եղան թմրանյութ օգտագործելու հետ կապված, և, ենթադրում եմ, որ հիմա որոշել են Կարեն Սարուխանյանին փոխել։ Բայց կանգնեն ու ասեն, որ Սարուխանյանի հետ խնդիր ունենք, ստիպված թեկնածու ենք փոխում, հերթական խայտառակությունն է լինելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սենց շոու են մտածել, թե «փրայմերիզ» ենք անում, ժողովուրդը թող գա, ասի մեր թեկնածուն ով է, որ փորձեն իրենց խայտառակությունը ծածկել, որ ասեն մենք սենց մոդել ենք մտածել, ժողովուրդը որոշեց, որ այսինչ մարդն է լինելու, որը նախօրոք որոշված է, ենթադրում եմ»։
Անդրադառնալով մյուս համայնքների փորձին, որտեղ ՔՊ-ն Ժ/պ-ներ է նշանակել, ինչպես օրինակ Վանաձորում, Առաքելյանը նկեց. «Ամեն տեղ մի բան արել են, Վանաձորի համար էլ առաձին օրենք փոխեցին, հիմա Գյումրին թույլ չի տալիս։ Այս կարգավորումներով ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը բացառիկ պայմաններում է լինում, որպեսզի տեղական ինքնակառավարումը մնա գերակա, ոչ թե կառավարությունը կամ նրա ղեկավարը ժ/պ նշանակի։ Դա նաև Սահմանդրության և ՏԻՄ գաղափարին է հակասում, հետևաբար, այո՛, հերթական անգամ սա էլ է խայտառակություն, որ մի դեպքի համար ժ/պ նշանակեն»,-ասաց նա։
Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ դա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը վաղուց կորցրել են հանրության աջակցությունը, առավել ևս ՏԻՄ-երում։
«Եվ վարչական լծակի օգտագործումով փորձելու են Գյումրիում իշխանություն զավթել, բայց ես վստահ եմ, որ գյումրեցիները ունենալու են լայն ընտրություն, որի մեջ ՔՊ-ն չի մտնելու»,-ասաց նա։
Իսկ թե ինչու ընդդիմությունից համարժեք արձագանք չկա՝ Առաքելյանը պատասխանեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ-երի մասնակցության մեծ փորձ ունի և ՔՊ-ից հետո ամենամեծ ներկայացվածությունն ունի համայնքներում։
«Մենք միշտ կարևորում ենք համայնքների ընտրությունը։ Գյումրիում մասնակցել ենք, ներկայացված ենք ավագանիում և ամեն ինչ արել ենք, որ ՔՊ-ն իշխանություն չունենա։ Հիմա այլ ուժեր կմասնակցեն, թե չեն մասնակցի՝ չգիտեմ, իհարկե, կան խոսակցություններ, և հուսով եմ՝ կլինեն էլի քաղաքական ուժեր։ Մենք կոալիցիոն փորձ ունենք այլ համայնքներում, եթե ստեղծվի իրավիճակ՝ ՔՊ-ին իշխանազրկելու համար պատրաստ ենք քննարկել, համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ նույնպես։
Այո՛, համաձայն եմ, որ սա շատ կարևոր իրադարաձություն է ոչ միայն Գյումրիում, որպես երկրորդ քաղաք, այլև ցանկացած ընտրություն քաղաքական ուժերը չպետք է բաց թողնեն։ Պետք է օգտագործեն որպես հնարավորություն, որ մեծ ընտրությունից առաջ Նիկոլ Փաշինյանի դիրքերն ավելի թուլանան»,-ասաց նա։