27/11/2024 13:29
Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ)
Կարծում եմ՝ այստեղ երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Իհարկե, առաջինը Հայաստանն է, քանի որ ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը և պարտավորված է կատարել այն, ինչ պահանջված է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում։
Խաչատրյանը հիշեցրեց՝ երբ Պուտինն այցելել էր Մոնղոլիա, տեղի իշխանությունները մեծ ճնշումների տակ էին հայտնվել.«Հավանաբար մեր իշխանությունները չեն ցանկանա, որպեսզի նման ճնշումների տակ հայտնվեն։ Բայց չեմ բացառում, որ այս ամենի նախաձեռնությունը հյուսիսից է եկել։ Ասել են՝ դուք այդ ստատուտն ընդունել եք, դուք էլ տակից դուրս եկեք։
Հիշո՞ւմ եք՝ ԵԱՏՄ ներկայացուցիչներն ամռանը այստեղ մասնակցեցին նիստին, երբ վարչապետներն էին հավաքվել։ Հիշեցնեմ, թե ՔՊ-ականներն ինչեր էին հայտարարում, երբ ընդունում էին այդ ստատուտը։ Նրանք փրփուրները բերանին ասում էին՝ մենք դա պետք է վավերացնենք, որպեսզի ադրբեջանցիներին, սկսած Ալիևից, ռազմական հանցագործության համար կարողանանք դատի տալ։
Հիմա վավերացրեցին, դրանից մի քանի շաբաթ հետո Արդարադատության նախարարից հարցրեցի, թե ինչ են անելու հիմա։ Դեմագոգիկ պատասխան տվեց՝ հիմա բան չկա։ Հիմա էլ մեկ տարի այդ վավերացումից անցել է։ Մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսնում։ Այսինքն՝ հերթական անգամ իշխանությունները խաբել և մոլորեցրել էին ժողովրդին»։
Պատգամավորը նշեց, որ ԵԱՏՄ նախագահող միակ երկիրն ենք, որ երկու անգամ արդեն նիստը Երևանում չի կայանում.«Նշանակում է, որ դու վստահելի չես։ Իսկ Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից, մասնավորապես ՌԴ-ից, երբեք այսքան մեծ չի եղել։ Դա էլ այս իշխանությունների ապիկար, անհեռատես տնտեսական քաղաքականության արդյունքն է։
Սրանք սպանել են հայկական տնտեսությունը, արդյունաբերությունը։ 6.5 տարի է՝ ՔՊ-ն իշխանություն է, նոր Մխիթար Հայրապետյանը հայտարում է, որ մենք պետք է դառնանք ապրանք արտահանող երկիր։ Իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակի են գցել մեր տնտեսությունը»։