27/11/2024 15:23
Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի
ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի նպատակն է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով կոֆեին եւ տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակումը, ինչպես նաեւ իրավական հիմքերի ստեղծումը:
Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ին հրավիրված հերթական նիստի ընթացքում, հայտնում են ԱԺ-ից։
Հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով՝ առաջարկով հանդես գալը պայմանավորված էր հանրության շրջանում բավականին մեծ անհանգստությամբ` կապված դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների մասսայական օգտագործման հետ:
Ըստ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ դեռահասների 40 տոկոսը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ նրանց առողջության վրա:
Պատգամավորի դիտարկմամբ դրանց սահմանափակման համար մի շարք երկրներ արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել են: Ուստի, վերոնշյալ նախագծով առաջարկվում է էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելել մինչեւ 18 տարեկան անձանց եւ սահմանափակել դրանց գովազդի հնարավորությունը: Նախագծով առաջարկվում է նաեւ արգելել մինչեւ 18 տարեկան անձանց համար ալկոհոլային խմիչքների վաճառքը: Հեղինակներն առաջարկում են վարչական պատասխանատվություն կիրառել նշված արգելքները խախտելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ներկայացնելով Կառավարության առաջարկը, նշել է, որ եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից, արդյունքում օրենսդրական փաթեթը լրամշակվել է:
Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են օրենքի նախագծի ընդունումը:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: