27/11/2024 16:18
Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Պորտուգալիայում անցկացվող ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումին, որի շրջանակում ելույթով հանդես է եկել Դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը։
Վահան Կոստանյանը երախտագիտություն է հայտնել հյուրընկալ երկրին՝ Պորտուգալիային, և ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի քարտուղարությանը ֆորումի կազմակերպման և օրակարգում արդի թեմաների ընդգրկման համար:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը՝ ատելության խոսքին, ռասայական և էթնիկ խտրականության ու այլատյացության հակազդմանն ուղղված համատեղ ջանքերին։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է. «Կանխարգելման օրակարգը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի հեղինակն է: Այս տարվա դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանում հինգերորդ անգամ կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումը, որի առանցքում է ցեղասպանության և այլ ոճրագործությունների վտանգի վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը։
Մշակութային ժառանգության վրա հարձակումները, ինչպես նաև մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը, որոնց մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, շարունակում են լուրջ մտահոգության տեղիք տալ և առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում Հայաստանի համար»:
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրմապնդմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ չնայած առկա բոլոր խոչընդոտներին՝ Հայաստանը դրական է տրամադրված հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով և վերջիններիս կողմից փոխադարձ կառուցողական քայլեր է ակնկալում:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է Քաշքայշի հռչակագիրը։