28/11/2024 19:28
Վրաստանը հետաձգում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մինչև 2028 թվականը բանակցություններ չեն վարի
Վրաստանը ժամանակավորապես կանգնեցնում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, բանակցությունների դադար կլինի՝ մի քանի տարով։ Այդ մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Որոշել ենք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը մեր օրակարգում չներառել՝ մինչև 2028 թվականի վերջը։ Նաև հրաժարվում ենք ԵՄ բյուջետային դրամաշնորհներից»,- ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանն իր հերթին բանաձև է ընդունել Վրրաստանի վերաբերյալ, որում հայտարարել է, թե չի ճանաչում Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև պահանջել է մեկ տարվա ընթացքում նոր ընտրություններ անցկացնել, ԵՄ-ին էլ հորդորել է վերանայել Վրաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը, իսկ Վրաստանի մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։
Նշենք, որ Վրաստան-ԵՄ, Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները կտրուկ վատացել են՝ երկրում արտասահմանյան գործակալների մասին օրենքն ընդունվելուց հետո։