28/11/2024 18:18
Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան
Այսօր, օրենքով սահմանված կարգով, նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը: Դատական իշխանությունից հայտնում են, որ որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ։ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն Aysor.am-ի հետ զրույցում ասում է՝ պատճառն այն է, որ քաղաքական իշխանությունը դեռ չի կողմնորոշվել և ԲԴԽ անդամներին հրահանգ չի տվել ընտրել այն թեկնածուին, որի անունը շրջանառվում էր։
«Կարեն Անդրեասյանի պաշտոնանկությամբ քաղաքական իշխանությունը բոլորին ցույց տվեց խաղի կանոնը, որով իշխանությունն ուզում է աշխատել ԲԴԽ-ի հետ։ Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին՝ քրեական գործ, լիազորությունների դադարեցում. երկուսն էլ՝ ապօրինի։
Ես վառ օրինակ եմ, թե ինչ է լինում այն անձի հետ, որը հակադարձում է, չի ենթարկվում քաղաքական իշխանության կամքին։ Հետևաբար՝ ով կայացնի այս իշխանության հետ աշխատելու որոշում, նշանակում է՝ ընդունելու է քաղաքական իշխանության խաղի կանոնը և ըստ այդմ է գործելու»,- ընդգծել է Ռուբեն Վարդազարյանը։