Այսօր, 11:56
Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանն առաջարկում են կարգավորել ՀՀ օրհներգի ու օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ. կառավարությունը հավանություն տվեց նրանց առաջարկին։
ՔՊ-ականները, մասնավորապես, առաջարկում են սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ Հայաստանում՝ միջազգային հարթակներում պաշտոնական ու ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների ու օրենքով սահմանված այլ դեպքերի համար։
Նախատեսվում է նաև փոփոխություն կատարել օրհներգում. վերջին քառատողը դառնում է 2-րդ, իսկ 2-րդ ու 3-րդ քառատողերը, համապատասխանաբար, դառնում են 3-րդ ու 4-րդ։
Օրհներգը կեզրափակվի հետևյալ ուղերձով՝
Նայիր նրան երեք գույնով
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Օրհներգը կտեղադրվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում ու մնացած պաշտոնական հարթակներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չի թաքցնի՝ ինքն ամբողջական մասնակցություն է ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասին։
«Իմ վարչապետության ընթացքում ես այդպես էլ, մինչև X պահը, պաշտոնական միջոցառումների ժամանակ չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարման, չկա արագության, տեմպի ստանդարտ, երբեմն՝ տևողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ նշանակություն ու ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին, որովհետև, նրա խոսքով, «Յութուբ»-ում հազար հատ օրհներգ կա։
«Հանձնարարական եմ տվել՝ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ ու որոշակի որակական ստանդարտին համապատասխան»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, թե օրհներգի տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն չի կատարվում, միայն քառատողերրի դասավորվածության փոփոխություն է տեղի ունենում։