28/11/2024 22:00
Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին:
Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Միածնաէջ Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ։ Հընթացս նախատոնակի՝ դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։