Այսօր, 14:48
Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Այս մասին գրում է ԲԵԼՏԱ-ն։
«Այսօր պատիվ ունեցա առաջինը ելույթ ունենալու, քանի որ մեր հայ գործընկերները նիստին չեն մասնակցում։ Ի դեպ, դա բնութագրում է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը և ինչ-որ չափով մեր կազմակերպությունը», - ասել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիայի ռազմաքաղաքական հենասյուներից մեկը։
«Առկա խնդիրների լուծման և անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմների ստեղծման բանալին գտնվում է մեր Եվրասիայում՝ տարբեր ժողովուրդների համատեղ կյանքի, մշակույթների և քաղաքակրթությունների փոխներթափանցման հազարամյա փորձով։ Միջազգային հարաբերությունների նոր հարացույցում ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիական մայրցամաքի անվտանգությունը ձևավորող ճարտարապետության ռազմաքաղաքական հենասյուներից մեկը, միտում թելադրի տարածաշրջանային անվտանգության ամբողջ օրակարգին»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։