28/11/2024 21:40
«Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության»․ Էդուարդ Շարմազանովը՝ Ֆրանսիայի դեսպանին
«Իմ համեստ անձի նկատմամբ Ֆրանսիայի դեսպանի նման էմոցիոնալ արձագանքը հերթական անգամ փաստում է, որ իմ կարծիքը կյանքի իրավունք ունի»,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ իրեն ուղղված տեքստին՝ նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դիտարկմամբ,- «Իր նման չեմ անցնի կոռեկտության սահմանները և բարեկամ Ֆրանսիայի դեսպանին բարեկամաբար կհորդորեմ՝ ինձ ՀՀ շահերը պաշտպանելու դասեր չտալ»։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այսօր արձագանքել էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, որով ՀՀԿ-ական քաղաքական գործիչը նկատել էր՝ Ֆրանսիայի դեսպանի՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի մասին գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին։
Դեսպանն իր արձագանքում մասնավորապես հասկացրել էր, թե հրապարակումը, որին հղում է արվել Էդուարդ Շարմազանովի կողմից, ամենևին չի վերաբերել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այլ ընդամենը վերահաստատել է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։
Էդուարդ Շարմազանովը շեշտել է՝ իր քաղաքական կարիերայի ընթացքում նա ոչ առաջին, և ոչ էլ վերջին դեսպանն է, որ համաձայն չէ իր կարծիքին։
«Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացում ես բացառապես պաշտպանել ու պաշտպանելու եմ Հայաստանի Հանրապետության, Արցախի ու հայության շահերը, և այս ընթացքում Ֆրանսիայի դեսպանն առաջինը չէ դեսպաններից, ով համամիտ չի եղել իմ կարծիքի հետ, բայց դրանից իմ գործունեությունը, կարծիքն Արցախյան հարցի, Հայաստանի անվտանգության, անկախության, մեր կարմիր գծերի առնչությամբ չի փոխվել»։
Անդրադառնալով դեսպան Դըկոտինյիի տեքստում տեղ գտած այնպիսի ձևակերպումներին, ինչպիսիք են «խաղաղությունը» և «խաղաղության գործընթացը», ՀՀԿ-ական գործիչն ընդգծել է, որ թեև Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, այդուհանդերձ, նման տեսակետները մոլորություն են։
«Հայաստանի ադրբեջանացման գործընթացը խաղաղության օրակարգ անվանելը կամ իրականության հետ կապերի խզում է, կամ ՀՀ պետական շահի չեզոքացման քավորություն։ ՀՀ շահերից խոսելուց առաջ՝ լավ կլիներ հիշեր, որ Արցախը Նիկոլը հանձնել է Արևմտյան հարթակում 2022 թվականի հոկտեմբերին՝ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ։
Եվ վերջում, որպես պատմաբան՝ լուսավորեմ հարգարժան դեսպանին՝ որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի՝ ադրբեջանացման օրակարգն է խաղաղության, ու որքան Պետենի ջանքերն էին խիզախ, այնքան էլ՝ Փաշինյանինը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։
168․am-ի հարցադրմանը՝ արդյոք ինչ-ինչ ճնշումների ազդեցությա՞մբ է դեսպանը փորձել Ձեր գրառումն օգտագործելով՝ սրբագրել իր գրառումը, ՀՀԿ ԳՄ անդամը պատասխանել է․
«Միգուցե։ Ես շատ հստակ եմ ասել․ Փաշինյանն է, չէ՞, նոյեմբերի 22-ին «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսել, Ալիևը մի քանի տարի է՝ «Արևմտյան Ադրբեջան» է ասում, ոչ մի բան չեն խոսում, ու հենց Փաշինյանն է ասում, դեսպանը գրառո՞ւմ է անում»։
«Հարգարժան պարոն դեսպանին իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կարծիքս տարածելու համար, որ իր գրառմամբ մարդկանց օժանդակել է՝ ավելի շատ կարդան ու Փաշինյանի ազգակործան քաղաքականության մասին ևս մեկ անգամ իմանան»,- ամփոփել է Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի հերթական հարցազրույց-ինքնախոստովանությունն էր, որի ընթացքում նա, ոչ ավելի, ոչ պակաս, հավասարության նշան էր դրել Արևմտյան Հայաստան պատմական իրողության և «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին թեզի միջև։
Նոյեմբերի 24-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել էր Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում, և կից գրառում արել․ «Միակն ու անկրկնելին»։
Այս ժամանակագրությունը, համենայն դեպս, բաց վկայում է, որ, ըստ էության, դեսպանն արձագանքում էր ոչ միայն Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնելու կեղծ թեզերին, այլև հայկական օրակարգում դրա հանդեպ գործող իշխանության առաջին դեմքի լոյալությանը։