Այսօր, 10:37
Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները
2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են ունեցած շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման առերևույթ առկայության հիմքով։
Վարույթների ընթացքում՝ նախքան վերջնական որոշման կայացումը, մթերողները կատարել են շուրջ 452 մլն դրամի պարտավորություն։ Ներկայումս առկա է միայն մեկ տնտեսավարող, որը դեռևս ունի 12 458 400 դրամի չմարված պարտավորություն։ Հարուցված վարույթների արդյունքներով 6 ընկերության նկատմամբ կիրառվել է 26 779 000 դրամի տուգանք։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարողը պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում: