Այսօր, 08:54
«Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում լուրեր են պտտվում, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո ԲԴԽ հաջորդ անդամը, որը կլքի կառույցը, Երանուհի Թումանյանցն է։
«Ժողովուրդ» օրաթերթը անձամբ Երանուհի Թումանյանցին հարց ուղղեց՝ կգնա նա Կարեն Անդրեասյանի հետևից, թե ոչ: Դատավորը լսեց հարցը, բազմանշանակ ժպտաց ու չպատասխանելով՝ հեռացավ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ ու իր հետ ԲԴԽ բերեց իր մտերիմներին: Մասնավորապես՝ իր սանիկ դատավոր Քրիստինե Մկոյանին ու արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցին: Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը համատեղ աշխատել են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում, որից հետո Երանուհի Թումանյանցն Անդրեասյանի հետ տեղափոխվել է «AM» իրավաբանական գրասենյակ, ապա արդարադատության նախարարություն, ներկայումս էլ ԲԴԽ-ում է:
Եվ ահա, նոյեմբերի 18-ին Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց՝ նշելով՝ «Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` իբրև ամենաերկարը դիմացած»: Նրա հետևից ԲԴԽ-ում դեռ «դիմանում» են հավատարիմ կադրերը»։