Այսօր, 11:29
Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին
Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը դիմելով նիստը նախագահողին՝ ասաց, թե նա որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է եղել «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ցուցակում։
«Չափազանց կարևոր կլիներ, որ դատավարության մասնակիցների համար բացահայտվեր, թե ինչպես է եղել, որ Դուք դարձել եք «Իմ քայլը» նախընտրական դաշինքի անդամ։ Դուք պետք է հանրության համար ընկալելի լինեք, Ձեզ ընկալեն որպես անաչառ դատավոր»,-ասաց Վարդևանյանը՝ նշելով, թե դատավորը և տուժողի իրավահաջորդի՝ Սարգիս Քլոյանի դուստրը՝ Անուշ Քլոյանը, ներկայացված են եղել նույն նախընտրական դաշինքում։
«Ո՞վ է Անուշ Քլոյանը»,-հարցրեց դատավորը։
Ի պատասխան ասվեց, որ նա 2008 թ. սպանված Գոռ Քլոյանի քույրն է՝ Սարգիս Քլոյանի աղջիկը։
«Ես չգիտեի»,-նշեց դատավորը։
Արամ Վարդևանյանն ասաց, թե չի կարող հավատալ ասածին։