Այսօր, 13:46
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ին հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն:
Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում՝ 2,3 մլրդ դրամ:
Ներկայումս մարզահամալիրը գտնվում է մասնավորեցման գործընթացում:
Մարզահամալիրն ունի վարչական տարածք, ճաշարան, ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզադահլիճներից մեկը չափերով համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին, և այնտեղ տարիներ շարունակ ուսումնամարզական գործընթաց է իրականացրել գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Մյուս մարզադահլիճը ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի պարապմունքների համար: