Այսօր, 12:40
Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Մենք Հայաստանն ու մեզ ճանաչելու շատ լուրջ խնդրի ու անհրաժեշտության առաջ ենք կանգնած, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ կան պատմություններ ու իրավիճակներ, որոնք, մեծ հաշվով, սովորական են մեր իրականության մեջ, բայց այդ իրավիճակների հետ կապված, ըստ Փաշինյանի, պետք է փոխել հայացքը։
«Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ Զիվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնությունը, որը անվանում ենք Ըմբշամարտի բանակային առաջնություն։ Պետք է արձանագրեմ, որ մեր զինվոր մարզիկները բավականին հաջող հանդես եկան այդ առաջնությունում ու նվաճեցին երեք ոսկե, երեք արծաթե ու ութ բրոնզե մեդալ, որը անսպասելի հաջող արդյունք է»,- ասաց Փաշինյանը։
Նա կիսվեց առանջության հետ կապված քննարկումների վերաբերյալ իր վերաբերմունքի մասին։ Փաշինյանը լրահոսում տեսել է տարօրինակ վերնագրեր՝ հայտնի մարզիկները զորակոչվում են բանակ, հետո պարզվել է՝ այդ մարզիկների հիմնական խնդիրը Բանակային խաղերի աշխարհի առաջնությանը մասնակցելն էր։
«Ես այստեղ դիսոնանս տեսա, ես դրա մեջ որոշակի կեղծ վերաբերմունք տեսա Հայաստանի բանակի ու այս առանջության նկատմամբ, քննարկելով եկանք այն եզրակացության, որ սա պետության ռեպուտացիայի հարց է նաև, որովհետև, եթե մենք այս վերաբերմունքով առաջ շարժվենք, ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը, որ արդարության ու ֆեյքազերծման ջատագով է, կարող է հայտնվել սխալ իրավիճակներում, որովհետև սա առաջնություն է ոչ թե մարզիկների, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու համար, այլ սա առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում ու բանակում ծառայելու բերումով են այդ մրցումներին մասնակցում»,- հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ պարզվեց՝ բանակում կան մարզիկներ, ովքեր կարող են համաշխարհային հարթակում բարձր տեղեր զբաղեցնել։
«Հարցը հետևյալն էր՝ եթե մենք չգնայինք այս տրամաբանությամբ, այս մարզիկներից շատերի մասին չէինք էլ իմանա, կստացվեր՝ բոլոր հնարավոր տեղերում նույն անունները մենք ձևակերպում ենք ու բոլոր հնարավոր տեղերում նույն մարդկանց ենք հնարավորություն տալիս։ Մեզ զգուշացնում էին, մեզ ահաբեկում էին, որ մեդալների հավաքածուների առաջ լինելու են զրոներ, մենք հասկանում էինք՝ կարող է այդպես լինել, բայց պետությունն ու պետության նկատմամբ վերաբերմունքը մեզ համար ունեն սկզբունքային նշանակություն ու չէինք կարող թույլ տալ, որ կառավարությունը ներգրավված լիներ որևէ ֆեյք գործընթացի մեջ։ Այդ որոշումը այս տրամաբանությամբ արդարացվեց, բայց եթե նույնիսկ չարդարացվեր, մենք ոչ մի մեդալ չնվաճեինք, միևնույն է, դա ճիշտ մոտեցում էր, դա է պետական մոտեցումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց զինծառայող մարզիկներին, որ բարոյական առումով լեգիտիմացրեցին կառավարության այս մոտեցումը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-22-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը չմասնակցեցին ժամկետային զինծառայության մեջ գտնվող ըմբիշներ Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, Մանվել Խնձրցյանը, Վիգեն Նազարյանը, Գևորգ Թադևոսյանը, Կնյազ Իբոյանը։ Մարզիկները հայտարարությամբ էին հանդես եկել՝ արտահայտելով իրենց դժգոհությունը։
Նշենք, որ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը:
Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալներ: