30/11/2024 19:50
Գյումրիում համատարած դժգոհ են այս իշխանությունից. Արթուր Գևորգյան
«Իշխանությունը որոշեց Գյումրիում անցկացնել «փրայմերիզ»՝ այն ներկայացնելով իբրև դեմոկրատական քայլ՝ իրականում անելով ուլտրաբոլշևիկական տակտիկական քայլ։ Փաշինյանը խնդիր ունի՝ կեղծ օրակարգերով զբաղեցնել հանրությանը, քաղաքական դաշտը՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելուն հասնելու համար»,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է հանրային կառավարման մասնագետ Արթուր Գևորգյանը։
«Գյումրիում դժգոհության մեծ ալիք կա, համայնքապատկան աշխատողները մինչև նոյեմբերի 14-ը աշխատավարձ չէին ստացել։ Ասում են՝ այս ամիս էլ նման խնդիր է լինելու։ Գյումրեցուն Նոր տարուց առաջ փող չեն տալիս, ինչպիսի՞ն պետք է լինի տրամադրությունը։ Հայաստանում, հատկապես Գյումրիում թմբկահարվում էր, թե քանի որ կա Արցախի խնդիր, դրա համար լավ չեք ապրում։ Հիմա Արցախը չկա, իշխանության առաջ մղած այդ թեզին պիտի պատասխան տրվի՝ հիմա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ»,- ասել է նա։
Արթուր Գևորգյանի գնահատմամբ՝ Գյումրին արդեն քանի տարի է՝ սոցիալական հարցերի ծիրում չէ․
«Անվտանգության խնդիրը Հայաստանում մեծամասնությունն է առաջնային համարում, Գյումրիում էլ կա այդ հարցի սուր զգացում, տարբեր գործարարների հետ զրույցներից պարզ է դառնում՝ հակված չեն ներդրումներ անել կամ զգուշավոր ներդրումներ են անում»։
Արթուր Գևորգյանը վստահ է՝ գյումերցիների համատարած դժգոհությունների ֆոնին, անգամ պոպուլիստական որոշումների գնալու պայմաններում, ՔՊ-ն առավելագույնը 30 տոկոս ձայն կարող է ստանալ։