Այսօր, 12:53
Պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռությամբ և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ Վարդենիսի դպրոցականները ծանոթացել են հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների ցուցադրություններին, այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պատմությանը, այնուհետև քննարկել իրավահավասարությանն ու կանանց իրավունքների խթանմանն առնչվող մի շարք հարցեր:
Վարդենիսի Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի աշակերտների այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Այցը տեղի է ունեցել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի միջոցառումների շրջանակներում:
Երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում՝ ներկայացնելով յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունը։ Այնուհետև Անահիտ Մանասյանը վարել է քննարկում` նվիրված կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը։
Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում հատուկ ընդգծել է, որ չափազանց կարևորում է մարզային համայնքներում բնակվող երեխաների ներգրավվածությունը տարբեր միջոցառումներին։
«Հանրապետությունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն վերաբերելի է յուրաքանչյուրիս` անկախ բնակության վայրից։ Վերջերս էի այցելել Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարանի տնօրեն պարոն Պողոսյանի հետ քննարկման ընթացքում ծագեց գաղափար՝ իրավունքներին առնչվող հանրային իրազեկման միջոցառումները կազմակերպել նաև թեմատիկ ցուցադրությունների շրջանակներում` հանրային լայն քննարկումների առարկա դարձնելով իրավունքների կոնկրետ բնագավառներին վերաբերելի հարցերը»,- ասել է Պաշտպանը
Խոսելով իրավահավասարության մասին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են։
Պաշտպանն ընդգծել է, որ պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, քանի որ վերոնշյալ մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով։
«Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, առավելապես թիրախավորվում է այն հանգամանքը, թե իբր դա միտված է որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելուն։ Մինչդեռ, տվյալ պարագայում խոսքը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է», - ասել է Անահիտ Մանասյանը։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր հերթին ընդգծել է համատեղ կազմակերպված նշված միջոցառման կարևորությունը:
Օրվա ավարտին՝ դպրոցականները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր և հագեցած օրվա համար: Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցրել է, որ նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ: