Այսօր, 12:08
Գեղամ Նազարյանը խոստացավ՝ մի օր մարդկանց կփորձի բացատրել, որ պատերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցությունից հեռացած պատգամավոր Գեղամ Նազարյանը պնդում է՝ իր դեմ պայքար է տարվել, փորձում է հասկանալ՝ որն է պատճառը։
Լրագրողների դիտարկմանը, որ, գուցե, պատճառն այն է, որ ասել ՝ «ներում եմ Նիկոլ Փաշինյանին»՝ նա արձագանքեց. «Կարող էի դա չասել, չէ՞, իմ մտքում պահել, բայց ես հատուկ եմ ասել»։
«Ներելը քրիստոնեական հասկացողություն է, երբ ես ասում եմ, որ Նիկոլին ներել եմ, չի նշանակում, որ հասկացել եմ՝ Նիկոլը ճիշտ էր կամ նրա գործողություններն օրինաչափ էին, որ Նիկոլը չպետք է պատասխան տա այն որոշումների համար, որը հանգեցրեց ծանր կորուստների»,- ասաց նա։
Նազարյանի խոսքով՝ իհարկե, Նիկոլ Փաշինյանը շատ մեծ մեղավորություն ունի, բայց դա չի նշանակում, որ ինքը մենակ է եղել։
«Եթե մենք այս փաստը վերցնենք ու շարունակեք առաջ, նոր աղետ ենք փորելու մեր առաջ, սա հասկացել եմ երկար ուսումնասիրություններից հետո»,- ասաց նա։
Գեղամ Նազարյանն ասաց, որ մի օր մարդկանց կփորձի բացատրել, որ պատերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ։
Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ իրեն ընդգրկեց ցուցակում ու ընտրվեց պատգամավոր։
«Ես իրենից շնորհակալ եմ, մեր զրույցը շատ բարձր մակարդակի եղավ, մենք իրար ձեռք սեղմեցինք ոչ թե հրաժեշտի, այլ՝ որ մենք ընկներներ ենք»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ պատերազմից հետո ոչ մի անգամ չի հանդիպել։