Այսօր, 11:47
Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է. Խաչատրյան (Տեսանյութ)
Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստվում ենք դատի տալ ԱԳՆ-ին և նաև հայտարարել էինք, որ արդեն դատի ենք տվել, մեկ անգամ դատարանը հայցը վերադարձրել էր, երկրորդ անգամ որոշակի փոփոխությամբ ընդունել է վարույթ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ այսօր պատգամավոր Քրիստինա Վարդանյանը գրել էր, որ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով նրանց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
«Այն պահից, երբ ադրբեջանական մամուլը, ադրբեջանական քաղաքական գործիչները սկսեցին կաղկանձել, որ «ռեֆանշիստները», այսինքն՝ մենք (ընդդիմադիր պատգամավորները) հասանելիություն ունենք գաղտնի փաստաթղթերին, դրանից մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ արգելելու է, որպեսզի այդ փաստաթղթերին ծանոթանանք։
Հիմնավորումը զավեշտ էր՝ իբրև թե մի բան կարդացել ենք, ուրիշ բան ներկայացրել։ Եթե այս իշխանությունները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել միայն մեկ ձևով, դե թող ներկայացնեն այն, որը, ըստ իրենց, մենք սխալ ենք ներկայացրել։ Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, այլապես հիմա ես առնվազն քրեական հետապնդման ենթարկվելիս կլինեի։ Ոչ մի բան չենք խախտել, որևէ արտահոսք չենք արել, տվել ենք քաղաքական գնահատական առ այն, որ շրջանառվող փաստաթուղթը, որը կնքվել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, կապիտուլյացիայի պայմանագիր է, որը միտված է Հայաստանի ստրկացմանը, ազատությունից զրկմանը»,-ասաց պատգամավորը։
Խաչատրյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դրանով ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է.«Այդպիսով ժողովրդի ականջին «արիշտա» են կախում՝ ասելով, թե իրենք գնում են խաղաղության, սակայն ընդդիմադիրներն ասում են, որ խաղաղություն չկա, սա միակողմանի զիջում է։ Այս ամենը դրդեց նրանց, որպեսզի խախտեն պատգամավորի երաշխիքների մասին օրենքը և որոշեն սահմանափակել մեր և ժողովրդի սահմանադրական իրավունքները՝ տեղեկանալու, թե ինչ փաստաթղթեր են ստորագրում Փաշինյանն ու Ալիևը»։