Այսօր, 18:22
Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է՝ ինչ պայմանով Իրանը կերկխոսի Թրամփի հետ
Իրանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, հայտարարել է Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նշելով պայմանը։
«Իրանի վրա ճնշում գործադրելու փոխարեն Արևմտյան երկրները պետք է դրական քայլեր ձեռնարկեն։ Միջուկային գործարքը այդպիսի քայլերի եզակի օրինակ էր, և Արևմուտքը պետք է ձգտի վերակենդանացնել այն։ Դրա համար անհրաժեշտ է կոնկրետ գործնական միջոցառումներ իրականացնել՝ կայացնել քաղաքական, իրավական որոշումներ, ներդրումների մասին որոշումներ, որոնցից Իրանը կարող է շահել: Եթե Թրամփը որոշի նման քայլեր ձեռնարկել, Իրանը պատրաստ կլինի երկխոսության, որը օգուտ կբերի թե՛ Թեհրանին, թե՛ Վաշինգտոնին»,- գրել է Զարիֆը՝ Foreign Affairs ամսագրի սյունյակում։
Նշենք, որ Իրանում Զարիֆին համարում են արևմտամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ։ 2013-2021 թվականներին Զարիֆը եղել է Իրանի արտաքին գործերի նախարարը և անմիջական մասնակցություն է ունեցել 2015 թվականի միջուկային համաձայնագրի մշակման ու կնքման գործում։