Այսօր, 11:14
Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ լինել զգոն եւ պատրաստ՝ տարաբնույթ օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետեւում է Հալեպում եւ ընդհանրապես Սիրիայում ընթացող վերջին օրերի իրադարձություններին։ Մեր մտահոգության եւ ուշադրության հիմնական առանցքը Սիրիայի տարածքում, մասնավորապես, Հալեպի հայ համայնքի անվտանգությունն ապահովելն ու առօրյա տանելի պայմաններ ստեղծելն է, նշված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ։
«Այս նպատակով Հ.Յ.Դ. Բյուրոն մշտական կապի մեջ է համայնքի տեղի պատասխանատուների հետ, որոնք իրենց առավելագունն են անում այս ուղղությամբ։ Նույն նպատակով կապի մեջ ենք նաեւ հայ հոգեւոր պետերի եւ տարբեր քաղաքական շրջանակների հետ։
Հալեպի եւ ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է։ Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ լինել զգոն եւ պատրաստ՝ տարաբնույթ օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին։
Հաջորդող օրերին հավելյալ բացատրականով ու նախաձեռնությամբ կդիմենք մեր ժողովրդին»։