Այսօր, 16:13
Հայաստանի ներկայացուցիչը վերընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի Բյուրոյի անդամ
ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ից 29-ը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի կողմերի 13-րդ համաժողովին:
Համաժողովը նվիրված էր կլիմայի փոփոխությունների հետ կապված այն խնդիրների լուծմանը, որոնք բարձրացնում են արդյունաբերական և տեխնածին աղետների ռիսկերը: Այդ համատեքստում մասնակիցներն ընդգծել են անդրսահմանային համագործակցության և կայունության ապահովմանն ուղղված նորարարական լուծումների կարևորությունը:
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել տարերային տարբեր երևույթներով պայմանավորված՝ արդյունաբերական համակցված աղետներին:
Քննարկվել են արդյունաբերական անվտանգության ռիսկերը, որոնք կապված են օգտակար հանածոների, վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների և այլ ասպեկտների հետ:
Տեխնածին աղետների փորձագիտական խումբը դիտարկել է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած տեխնածին աղետների աճող ռիսկերը՝ ներկայացնելով ռիսկերի կառավարման ոլորտում համատեղ ջանքերի կարևորությունը։
Կազմակերպչական և ֆինանսական ընդհանուր հարցերից բացի, համաժողովում ամփոփվել են 2023-2024 թթ. իրականացված աշխատանքները, հաստատվել են 2025-2026 թթ. իրականացվելիք առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկել բնատեխնածին աղետների կառավարման նոր ռազմավարության մշակման հնարավորություններն ու առաջիկա քայլերը։
Համաժողովում 2025-2026 թթ. երկամյա ժամանակահատվածի համար ընտրվել է Կոնվենցիայի Բյուրոյի 10 անդամ։ Բյուրոյի անդամ է վերընտրվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը։