Այսօր, 10:37
Բանակի կերպափոխման հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի՝ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված ԶՈՒ-ն անհրաժեշտ են ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնամխելիությունը և որդեգրած խաղաղության օրակարգը պաշտպանելու՝ մեկ կենտրոնին ապավինելու ասիմետրիկ և հիերարխիկ փոխհարաբերությունները փոխարինելով բազմաթիվ կենտրոնների հետ սիմետրիկ և ոչ հիերարխիկ փոխհարաբերություններով:
Եթե ավելի պարզ ձևակերպենք, իշխանությունն ասում է, որ մեկ կենտրոնին՝ ՌԴ-ին ապավինելու և կախյալ հարաբերություններ ունենալու փոխարեն ընտրում ենք բազմաթիվ երկրների՝ այս դեպքում հասկանալ հավաքական Արևմուտքի, համաչափ և ոչ կախյալ հարաբերությունները:
Ինչպե՞ս են արտահայտվել «կախյալ» հարաբերությունները, որոնք ՀՀ-ն ունեցել է մինչև 2018 թվականը՝ նախորդ բոլոր իշխանությունների օրոք, մանավանդ, երբ Հայաստանն այդ «կախյալ» հարաբերությունների դեպքում հաղթել է ու պաշտպանել իր տարածքային ամբողջականությունն ու սահմանային անձեռնմխելիությունը:
Եվ հակառակը, ի՞նչ նոր հարաբերությունների մասին է խոսում իշխանությունը, երբ իրենց իսկ մատնանշած տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն իրենց պաշտոնավարման օրոք՝ իրենց հռչակած նոր կուրսի պայմաններում, ոչ թե խախտվել է, այլ տեղ-տեղ ոչնչացվել:
Կամ՝ ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որն այս 6-7 տարիների ընթացքում որևէ տեսանելի արդյունք չի ապահովել, ավելին՝ Հայաստանն այս ընթացքում կորցրել է տարածքներ, բանակցային գործընթացում թելադրողն Ադրբեջանն է, իսկ իշխանության տեսլականի ծանր հետևանքն Արցախի կորուստն ու մեր հայրենակիցների գերեվարումներն ու բռնի տեղահանումներն են:
Հասկանալի է, որ այս հայեցակարգը ռազմաքաղաքական է, ունի քաղաքական բաղադրիչ, բայց իմ տպավորությամբ, այն գրվել է ոչ այնքան ռազմական պրագմատիկ ուղենիշներ սահմանելու, որքան քաղաքական խոսքն այս կամ այն կենտրոնին հասցնելու համար:
Ավելին, այս հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են նույն իրենց նշած ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը և փաստաթուղթը վերածում «հակա»-ների ու նոր առճակատումների հայեցակարգի»: